Մենք պատրաստվում ենք Աստծու օգնությամբ մի հռչակում անել, ինչպես միշտ անում ենք: Այս հռչակումը վերցված է 1-ին Հովհաննեսի 4:7-11 և 16 հատվածներից: Հնարավոր է, որ ձեզ հետաքրքրի իմանալ, որ 4-րդ գլխի 7-րդ համարից սկսած մինչև գլխի վերջ, սեր բառը՝ որպես ածական, գոյական կամ բայ, հայտնվում է այդ հատվածներում քսանութ անգամ: Մենք չենք մեջբերի դրանք բոլորը, բայց մեջբերելու ենք դրանցից մի քանիսը:

«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ»։

Ներեցեք, բայց ես հակված եմ հուզվել: Դա իմ ցանկությունով չէ, քանի որ ես մեծացել եմ այնպես, որ հուզական չլինեմ: Եթե երբևէ որևէ մեկը սովորել է «խստասիրտների» դպրոցում, դա ես էի: Ես չեմ պատրաստվում պատմել իմ ամբողջ անցյալը, բայց ես սերում եմ ռազմական ընտանիքից և ուսանել եմ բարձրակարգ դպրոցներում 9 տարեկանից մինչև 25 տարեկանը: Հույզերին շատ քիչ տեղ էր տրվում մեր կյանքում: Իհարկե, մեր ընտանիքը լավ ընտանիք էր, բայց սերը մի բան էր, որը երբեք չէինք քննարկում:

Ես ճանաչեցի Տիրոջը՝ Հիսուսին, 1941 թվականի հուլիսի վերջին հինգշաբթի գիշերը: Զորանոցային սենյակում գիշերվա կեսին ես ունեցա անձնական ցնցող հանդիպում Հիսուս Քրիստոսի հետ, որը լիովին և մշտապես փոխեց իմ կյանքը: Ես կատարյալ չեմ, բայց ես այլ մարդ եմ, քան այն մարդը, որ էի, մինչև Հիսուսին հանդիպելը:

Տասներկու տարի անց, 1953 թվականին, երբ ես հովվում էի մի փոքրիկ համայնք Լոնդոնում, գիշերվա ժամը 2-ին Տերը արթնացրեց ինձ և լսելի ձայնով խոսեց ինձ հետ: Սա իմ կյանքի միակ դեպքն է, երբ ես իրականում լսեցի Աստծուն բարձր ձայնով: Ես երբեք չեմ մոռացել այն խոսքերը, որոնք Նա ասաց այդ ժամանակ: Ես կմեջբերեմ դրանց մի մասը, բայց ոչ բոլորը: Դրանում չկար նախաբան, ոչ էլ ներածություն կամ բացատրություն: Նա պարզապես հետևյալն ասաց.

«Մեծ արթնություն է լինելու Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում»:

Այնուհետև Նա ինձ ասաց մի բան իմ անձնական ծառայության մասին, որը ես չեմ մեջբերի, և Նա ավարտեց այս խոսքերով.

«Բայց պայմանը փոքր բաներում և մեծ բաներում հնազանդությունն է, քանի որ փոքր բաները նույնքան մեծ են, որքան մեծ բաները»:

Ես երբեք չեմ կասկածել, որ Աստված է ասել այդ խոսքերը ինձ, և այդ օրվանից 40 տարի է անցել: Եվ նախքան ներս մտնելը, աղոթքի սենյակում ինձ հիշեցրին Քաղեբի մասին: Ես ասացի եղբորը, ով ինձ հիշեցրեց, որ դա արտառոց կերպով տեղին էր, քանի որ Քաղեբն ասաց. «Քառասուն տարի անցել է, բայց ես մտադիր եմ մտնել իմ ժառանգության մեջ»: Եվ դա իմ մտադրությունն է նույնպես:

Ես հավատում եմ, որ Աստված պատրաստվում է ուղարկել մեծ արթնություն: Նա չի արթնացնի ամբողջ Բրիտանիան, բայց նա արթնացնելու է եկեղեցին Բրիտանիայում: Եվ դա ազդեցություն կունենա ամբողջ ազգի վրա: Հեշտ է մարգարեանալ արթնության մասին: Ես լսել եմ մեկ կամ երկու մարգարեություններ, որոնք, իրոք, ինքնաոչնչացնող էին, որովհետև պարզապես ասել, որ արթնություն կա կամ կլինի արթնություն, մարդկանց մեջ այնպիսի զգացողություն է առաջացնում, որ «ես շատ բան անելու կարիք չունեմ դրա համար»: Բայց դա ճիշտ չէ: Ես հավատում եմ, որ արթնություն կլինի, երբ Աստծու ժողովուրդը կկատարի դրա պայմաններին: Դա առանց պայմանի խոստում չէ:

Այն ուղերձներում, որոնք ես հույս ունեմ փոխանցել այս շաբաթ, ես առաջարկում եմ անդրադառնալ յոթ խնդիրների, որոնց մենք պետք է դիմենք, եթե իսկապես արթնություն ենք ակնկալում: 1991 թվականից ի վեր Աստված խոսեց Հութի և ինձ հետ և ասաց. «Ես չեմ ուզում, որ դուք որևէ տեղ գնաք, բացի այն դեպքերից, երբ ես ձեզ ուղարկեմ»: Մինչ այդ մենք ընդունում էինք հրավերներ և գնում էինք, մենք միշտ աղոթում էինք, բայց Աստված այժմ սահմանափակել է մեզ՝ գնալու միայն այնտեղ, որտեղ Նա է մեզ ուղարկում: Ես հավատում եմ, որ Նա է ուղարկել մեզ այստեղ:

Այսպիսով, այս երեկո ես կանդրադառնամ այն հարցերից առաջինին, որը ես կոչում եմ յոթ խնդիրներից մեկը: Ես չեմ պատրաստվում վերնագիր տալ դրան: Ինձ խնդրել էին վերնագիր տրամադրել տեսագրողին, բայց ես չեմ պատրաստվում հրապարակել վերնագիրը, ես թողնում եմ, որ դուք հայտնաբերեք այն: Ես ուզում եմ, որ մենք սկսենք կարդալ Հռոմեացիներին 8:3-4 հատվածը:

«Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու»։

Այնպես, ինչպես ես եմ հասկանում, Պողոսն ասում է, որ Աստված երբեք չի սպասել, որ մենք կարող ենք արդարություն ձեռք բերել՝ պահելով Մովսեսի օրենքը: Մովսեսի օրենքը կատարյալ էր, այն տրված էր Աստծոu կողմից: Թերությունն օրենքի մեջ չէ, թերությունը մեր մեջ է: Բայց քանի որ մենք չէինք կարող հասնել արդարության՝ պահելով օրենքը, Աստված ապահովեց այլընտրանքային ճանապարհ՝ Հիսուսի փոխարինող զոհաբերության միջոցով խաչի վրա: Ես հավատում եմ, որ Հիսուսը միակ հրեան էր, ով երբևէ կատարյալ կերպով պահեց Մովսեսի օրենքը: Եվ ի վերջո, Նա տվեց իր կյանքը՝ որպես քավություն բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր խախտել էին օրենքը, և նաև նրանց մեղքերի համար, ովքեր երբեք չէին եղել օրենքի տակ: Այսպիսով, մեզանից չի պահանջվում արդարություն ձեռք բերել Մովսեսի օրենքը պահելով: Կարո՞ղ եք ասել՝ շնորհակալությո՜ւն Աստծուն: Որովհետև Մովսեսի օրենքը բավականին խիստ էր: Բայց Աստված ասում է, որ դա ամբողջովին հնարավոր էր անել, սակայն ոչ ոք դա չարեց:

Այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը: Սա այն հարցն է, որը ես ուզում եմ բարձրացնել այս երեկո՝ ո՞րն է այլընտրանքը: Եթե մեզանից չի պահանջվում պահել Մովսեսի օրենքը, ապա ինչպե՞ս կարող ենք հասնել արդարության Աստծու հետ: Հռոմեացիներին ուղերձի թեման արդարությունն է: Հոբ 9:3-ում Հոբն իր շփոթության և տառապանքի մեջ մի հարց է տալիս.

«Ինչպե՞ս կարող է մարդը արդար լինել Աստծու առաջ»:

Եվ Հոբի ընկերները, եթե նրանց կարելի է ընկերներ անվանել, ծաղրում էին այն միտքը, որ որևէ մեկը կարող է երբևէ արդար լինել Աստծու առաջ: Բայց շատ հարյուրավոր տարիներ անց Աստված տվեց իր պատասխանը: Ինչպե՞ս կարող է մարդը արդարանալ Աստծու առաջ: Պատասխանը գտնում ենք Հռոմեացիներին ուղերձում: Աստծու արդարությունը, որը բացահայտվում է հավատից հավատ, նկարագրված է և լիովին բացահայտված Հռոմեացիներին ուղերձում: Այսպիսով, Աստված ասում է, որ ձեզանից չի պահանջվում պահել օրենքը, բայց Պողոսն ասում է. «…որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու»: Մեզանից չի պահանջվում պահել օրենքը, բայց մեզանից պահանջվում է կատարել օրենքի արդար պահանջը:

Այդ բառը հունարենում «դիկայոմա»֊ն է: Հունարենում «արդարություն» բառը «դիկայոսունե»֊ն է: Այսպիսով, «դիկայոսունե»-ն արդարություն է՝ որպես ընդհանուր հասկացություն, իսկ «դիկայոմա»-ն դրա կոնկրետ դրսևորումն է: Նույն բառը թարգմանվում կամ օգտագործվում է նաև Հայտնություն 19-ում, որտեղ ասվում է. «սրբերի բեհեզը նրանց արդար գործերն են»: Այսպիսով, այն, ինչի մասին մենք խոսում ենք, գործող արդարությունն է, գործված արդարությունն է, գործնական արդարությունն է: Եվ մեզանից պահանջվում է դա պահպանել: Թույլ տվեք նորից ընթերցել այդ խոսքերը.

«Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու»։

Սա բարձրացնում է ամեն քրիստոնյայի համար կենսական կարևոր հարց՝ ի՞նչ է օրենքի արդար պահանջը: Ի՞նչ է մեզանից պահանջվում: Մեզանից չի պահանջվում պահել Մովսեսի օրենքը, բայց մեզանից պահանջվում է պահել օրենքի արդար պահանջը: Եվ իմ ուղերձի թեման պարզ պատասխանն է այս հարցին՝ ի՞նչ է օրենքի արդար պահանջը: Ես բավականին պարզամիտ եմ, որպեսզի հավատամ, որ կարելի է պատասխանել այս հարցին մեկ բառով, որը բաղկացած է երեք տառից: Քանի՞սդ գիտեք այդ բառը: Դա սերն է, ճի՛շտ է: Սերը օրենքի արդար պահանջն է: Մեզանից ակնկալիք կա, որ կպահենք այն: Մեզանից չի պահանջվում պահել Մովսեսի ամբողջ օրենքը, բայց մեզանից պահանջվում է կատարել օրենքի արդար պահանջը:

Թույլ տվեք ձեզ բերել մի շարք սուրբգրային մեջբերումներ, որոնք հաստատում են այն, ինչ ես ասել եմ: Նախ և առաջ կդիտարկենք Մատթեոսի 22:35-ից սկսվող հատվածը: Սա խոսակցություն է Հիսուսի և Մովսեսի օրենքի ուսուցչի միջև.

«Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր (կամ ուսուցիչ), նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ"»։

Նկատեք, որ Նա չփորձեց շրջանցել կամ փոխզիջման գնալ, Նա բացարձակապես հստակ էր: Երկու պատվիրանները հետևյալն են. սիրի՛ր քո Տեր Աստծուն և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ:

Եվ հետո Նա շարունակեց ասել.

«Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»:

Օրենքը և մարգարեները ներկայացնում են այն, ինչ մենք այսօր կոչում ենք Հին Կտակարան: Ենթադրենք, որ ես ուզում եմ հանել իմ բաճկոնը, ինչը ես չեմ պատրաստվում անել, և ուզում եմ այն կախել ինչ-որ տեղ: Պարզ փաստն այն է, որ կախիչը պետք է լինի իր տեղում, նախքան ես կկարողանամ կախել բաճկոնը դրանից: Հիսուսն ասաց, որ ամբողջ օրենքը և մարգարեները կախված են այս երկու պատվիրաններից: Առաջնային պատվիրանները, որոնք գոյություն ունեին մինչև օրենքը և մարգարեները, այս պատվիրաններն էին՝ սիրել Աստծուն և սիրել մեր ընկերոջը, ինչպես ինքներս մեզ:

Այժմ դիտարկենք Հռոմեացիներին 13:8-10-ը, որտեղ Պողոսը գրում է.

«Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք»։

Ես չեմ պատրաստվում քարոզել այդ մասին, բայց դա բավականին պահանջկոտ հայտարարություն է, այնպես չէ՞: Մի՛ եղեք պարտական ոչ ոքի: Մի՛ եղեք պարտքերի մեջ:

«Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է»։

Սերը օրենքի արդար պահանջն է:

Եվ մեկ այլ սուրբ գրություն, թեև կարող էինք ընտրել շատ այլ հատվածներ, Գաղատացիներին 5:14-ում Պողոսն ասում է.

«Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ»»:

Նկատեք, որ ամբողջ օրենքը կատարվում է մեկ խոսքով: Ո՞րն է այդ բառը: Սեր։ Ես չլսեցի: Սե՛ր։ Կրկնեք այն: Սե՛ր։ Այ, հիմա ավելի լավ է:

Հիմա Հովհաննես 13-ում Հիսուսը, կարելի է ասել, կապում է իր ուսուցումը Մովսեսի օրենքի և Հին Կտակարանի հետ: Հովհաննեսի 13:34-35-ում Հիսուսն իր աշակերտներին ասաց.

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ…»

Մովսեսը նրանց տվեց տասը պատվիրան և մի ամբողջ շարք կանոնակարգեր: Ժամանակակից հուդայականությունն ունի 613 պատվիրան, եթե ցանկանում եք իմանալ: Հիսուսն ասաց. «Ես ձեզ կտամ միայն մեկ պատվիրան: Ահա և վերջ: Եթե դա կատարեք, ես ուրիշ ոչինչ չեմ պահանջի»:

«Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք»։

Ո՞րն է պատվիրանը: Սիրել միմյանց այնպես, ինչպես Հիսուսն է սիրել մեզ:

Եվ հետո Նա շարունակեց.

«Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Ինձ դուր է գալիս «Բարի լուրի արշավանք» կազմակերպությունը, քանի որ նրանք ունեն ավետարանչության հզոր տեսիլք: Ես կիսում եմ այդ տեսիլքը: Ես ավետարանել եմ շատ տարբեր ձևերով, շատ տեղերում և շատ մարդկանց: Բայց ես հասկացել եմ մեկ բան. ոչ մի ավետարանիչ և ոչ մի ավետարանչություն երբևէ չի հասնի ամբողջ մարդկությանը: Միայն մեկ բան է, որը կարող է հասնել ամբողջ մարդկությանը.

«Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Ամբողջ աշխարհին հասնող վկայությունը քրիստոնյաների սերն է միմյանց հանդեպ:

Հետո ուզում եմ անդրադառնալ իմ սիրելի սուրբգրային համարներից մեկին, որը հաճախ չի մեջբերվում՝ 1֊ին Տիմոթեոսի 1:5-6.

«Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից, որոնցից խոտորվելով՝ ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին»։

Հիսուսի տված պատվիրանի նպատակն ամփոփվում է մեկ բառով՝ սեր: Եվ այդ սիրո համար տրվում են երեք պայմաններ՝ մաքուր սիրտ, բարի խղճմտանք և անկեղծ հավատ:

Թարգմանության «Ամերիկյան նոր ստանդարտ» տարբերակը այս հատվածն ավելի պարզ է ներկայացնում.

«Մեր ուսմունքի նպատակը սերն է…»:

Երբ առաջին անգամ կարդացի դա, կանգ առա և մտածեցի: Ես քարոզիչ եմ, Աստված գիտի, թե քանի տարի՝ գուցե 50 տարի, առնվազն: Ես ինձ հարցրեցի՝ ինչպե՞ս եմ ես սահմանել իմ ուսուցման նպատակը: Ի՞նչ նպատակ եմ ես դրել իմ լսարանի առաջ: Ես ստիպված էի ընդունել, որ եթե նպատակը սերն է եղել, ապա ես հաճախ ձախողվել եմ այդ նպատակի մեջ:

Դուք, ովքեր քարոզիչներ, ուսուցիչներ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ եք կամ այլ բան, որը կապված է ակտիվ ծառայության հետ, ուզում եմ ձեզ այս հարցը տալ. ի՞նչ է ձեր ուսուցման նպատակը: Ի՞նչ նպատակ եք դուք դնում այն մարդկանց առջև, ովքեր լսում են ձեզ: Եթե դուք հովիվ եք, ի՞նչ նպատակ եք դնում ձեր եկեղեցու առջև: Եթե դուք չեք նպատակադրվել սեր զարգացնել մարդկանց մեջ, Պողոսն ասում է, որ մնացած ամեն ինչ դատարկ խոսակցություն է կամ ունայն զրույց: Սա շատ քննադատական միտք է: Ես կարծում եմ, որ ժամանակակից քրիստոնեական գործունեության մեծ մասը սխալ ուղղությամբ է գնում, որովհետև այն ուղղված չէ այն մեկ բանի արտահայտմանը, որը պետք է լինի մեր հիմնական նպատակը: Եվ եթե նույնիսկ ուղղված է, ապա հաճախ չի հարվածում նպատակին: Եթե դուք խոսեք այն մարդկանց հետ, ովքեր քրիստոնյա չեն, և հարցնեք նրանց. «Ինչպիսի՞ն է այն մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, ովքեր իրենց կոչում են քրիստոնյաներ»: Շատ քիչ մարդիկ կպատասխանեն՝ «սեր»: Շատ քիչերը: Չփրկվածները շատ առումներով ավելի լավ են տեսնում, քան փրկվածները: Մենք այնքան ենք սովոր կրոնական ընթացակարգին, որը մենք կոչում ենք քրիստոնեություն, որ այն համարում ենք միակ ճիշտ բանը: Այսպես է արվում ամեն ինչ, այսպես են մարդիկ դա անում. ի՞նչ կարող ենք անել այլ կերպ: Ես ուզում եմ ասել ձեզ, և ես առաջին հերթին և առավելապես ասում եմ դա ինքս ինձ՝ որպես քարոզիչ. եթե ես իմ ուսուցման միջոցով չեմ առաջացնում սեր մարդկանց մեջ, ովքեր լսում են ինձ, լսում են իմ ձայնագրությունները, կարդում են իմ գրքերը կամ լսում են իմ ուսուցումը, ապա դա դատարկ խոսակցություն է, դա ունայն զրույց է, դրանք դատարկ բառեր են, դա ժամանակի կորուստ է: Կարծում եմ՝ սա ցնցող դիտարկում է: Որքա՜ն ժամանակ է վատնվում եկեղեցիներում, որովհետև դա չի արտահայտում այն միակ բանը, որն իսկապես պահանջվում է մեզնից: Օրենքի արդար պահանջը ամփոփվում է մեկ բառով՝ սեր:

1-ին Պետրոսի 1-ում Պետրոսն ասում է, թե որն է վերստին ծնունդի հիմնական ապացույցը: Այստեղ ներկա շատերը հավակնում են, որ վերստին ծնված են: Պետք է խոստովանեմ, որ ես գրեթե հոգնել եմ լսել «վերստին ծնվել» արտահայտությունը: Ես ունեմ քաղաքացիություն՝ մեկը Բրիտանիայի, մեկը՝ Ամերիկայի. և ես ունեմ նաև երրորդ քաղաքացիությունը՝ երկնքի: Բայց ես իմ վերջին մոտ 30 տարիներն անցկացրել եմ Ամերիկայում: Այսօր հաճախ ասվում է, որ Ամերիկայում կա 40 միլիոն «վերստին ծնված» քրիստոնյա: Իմ պատասխանը հետևյալն է. «Որտե՞ղ են նրանք, և ի՞նչ են անում»: Որովհետև երկիրը անհավատալի արագությամբ գնում է դեպի անկում: Կարծում եմ, որ «վերստին ծնված» բառակապակցությունը դարձել է կլիշե, որն օգտագործվում է նրանց կողմից, ովքեր ցանկանում են հարգված լինել, բայց չեն ուզում փոխել իրենց ապրելակերպը, չեն ցանկանում անցնել արմատական փոփոխությունների միջով, այլ ցանկանում են իրենց մասին մտածել որպես լավ մարդիկ, որոնք գնում են դեպի երկինք: Բայց սա այն է, ինչ Պետրոսն ասում է վերստին ծննդի մասին.

«Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով»։

Աստված ասում է, որ դուք չէիք կարող սիրել այնպես, ինչպես սիրում եք, եթե վերստին ծնված չլինեիք: Բայց դա բավարար չէ: Նա ասում է՝ շարունակեք մաքրել ձեր սրտերը, մինչև որ սիրեք միմյանց մաքուր սրտով՝ ջերմեռանդորեն: Սա ուղղակիորեն կապված է վերստին ծննդի հետ: Վերստին ծննդի մասին ուսմունքի մեծ մասը բացարձակապես վրիպում է նպատակից և մոլորեցնում մարդկանց: Վախենում եմ, որ շատ բարի մտադրություններ ունեցող մարդիկ, ովքեր կարծում են, որ կհասնեն երկինք, կհիասթափվեն: Նրանք օգտագործում են «վերստին ծնված» տերմինը որպես ինչ-որ մի տեսակի անձնագիր:

Փրկվելը պարզապես պիտակի փոփոխություն չէ: Դուք նախկինում նստում էիք եկեղեցում, և ձեր վրա գրված էր «մեղավոր»: Հիմա դուք նստում եք այնտեղ, և ձեր վրա գրված է «փրկված» կամ «վերստին ծնված»: Դա այդպես չէ։ Փրկությունը միայն եկեղեցում առաջ գալը, հովվի ձեռքը սեղմելը, ավետարանչության ժամանակ առաջ գալը, որոշման քարտ ստորագրելը կամ կրոնական որևէ արարողություն չէ: Փրկությունը լիակատար կյանքի փոփոխություն է, որը ձեզ տեղափոխում է խավարից դեպի լույս և ստիպում է, որ դուք այլևս սատանայի ծառան չլինեք, այլ լինեք Աստծու ծառա: Եթե կա մի ճշմարտությունը, որը պետք է ընդգծվի այսօր Բրիտանիայի, Ամերիկայի և քրիստոնեական ժառանգություն ունեցող որևէ այլ երկրի համար, ապա դա այն է, որ փրկությունն այն չէ, ինչ շատ մարդիկ են կարծում: Եվ ձեզանից ոմանք, ովքեր այս երեկո այստեղ են և կոչում են իրենց փրկված, անկեղծ ասած, դուք փրկված չեք: Դուք թեթև կրոնասեր եք, դուք մի փոքր ավելի լավն եք, քան ձեր որոշ հարևաններ, բայց ձեր հարաբերությունն Աստծո հետ շատ անապահով և տատանվող է:

Հետո 1-ին Հովհաննեսի 4-ում, հատվածի մեջ, որը Հռութն ու ես մեջբերեցինք, մենք տեսնում ենք այն ապացույցը, ըստ որ մարդը ճանաչում է Աստծուն: Մենք կկարդանք միայն 7 և 8 հատվածները.

«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն»։

Եթե դուք խորանաք այդ հայտարարության մեջ, դա զարմանալի է, քանի որ այն նշանակում է, որ կա սիրո մի տեսակ, որը մարդը չի կարող ունենալ, եթե նա վերստին ծնված չլինի: Միայն նրանք, ովքեր վերստին ծնվել են, կարող են ունենալ այդ տեսակի սեր: Եթե այն, ինչ դուք կամ ես ունենք, այն սերն է, որը հայտնի է աշխարհում, ապա դա որևէ ապացույց չէ, որ մենք վերստին ծնված ենք:

Հետո Հովհաննեսն ասում է.

«Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է»։

Ինչի՞ց է պարզ դառնում, որ դուք ճանաչում եք Աստծուն՝ մեկ բառով: Ես ձեզ չեմ լսում: (Սե՛ր): Այո՛, ճի՛շտ է: Ես ճանաչում եմ շատ մարդկանց, և ես գործ եմ ունեցել տարբեր անցյալներ ունեցող, տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների շատ մարդկանց հետ: Ես կասեի, որ եթե նրանք փրկված են, ապա փրկվել են օտարականի կողմից: Թույլ տվեք ձեզ տալ մի փոքր օրինակ: Պատկերացրեք՝ դուք գետի մեջ եք և խեղդվում եք երրորդ անգամ: Մեկը ցատկում է ափից, փրկում է ձեզ, հանում է ջրից, նստեցնում է ձեզ իր գեղեցիկ կահավորված մեքենայի նստատեղին, տանում է իր տուն, հանում ձեր թրջված հագուստները, տալիս է նոր հագուստ, հոգում ձեր կարիքները, ապա ասում է. «Սկսած այս պահից, եկեք լինենք ընկերներ: Դուք գիտեք, թե որտեղ եմ ապրում, ահա իմ հեռախոսահամարը, կարող եք զանգահարել ինձ ցանկացած պահի: Եկեք ինձ տեսնելու»: Այդ մարդը երբեք չի վերադառնում այն մեկի մոտ, ով փրկեց իրեն խեղդվելուց: Ես կասեի՝ փրկվել օտարականի կողմից, փրկվել, բայց երբեք չճանաչել այն անձին, ով փրկեց ձեզ:

Ով չի սիրում, նա չի ճանաչում Աստծուն: Դուք կարող եք չիմանալ աստվածաշնչյան շատ համարներ, դուք կարող եք ունենալ կրոնական բազմաթիվ տեսություններ, դուք կարող եք լինել եկեղեցու անդամ, բայց եթե չեք սիրում, ապա դուք չեք ճանաչում Աստծուն, և այդ պատճառով շատ ավելի թշվառ եք: Քանի որ, եթե կա մեկ անձ, ում իսկապես արժե ճանաչել, դա Աստված է:

Հիմա եկեք մի պահ անդրադառնանք հավատի և գործերի կապին: Մենք կանդրադառնանք Հակոբոսի նամակին: Որոշ մարդիկ կարծում են, որ Հակոբոսի և Պողոսի թղթերի միջև հակասություն կա: Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ՝ նրանք ներկայացնում են նույն ճշմարտության երկու հակադիր կողմերը:

Նախքան ապաշխարելս, ես մասնագիտությամբ փիլիսոփա էի, և իմ առարկան տրամաբանությունն էր: Ես ուզում եմ ասել իմ անձնական վկայությունը. այն ամենատրամաբանական գիրքը, որը ես երբևէ կարդացել եմ, Աստվածաշունչն է: Աստվածաշնչի ամենատրամաբանական գիրքը Հռոմեացիներին ուղղված նամակն է: Դրա տրամաբանությունը բացարձակապես անթերի է: Չկան անհամապատասխանություններ. Աստվածաշնչի գրքերը բոլոր առումներով ճիշտ են:

Տեսնենք Հակոբոս 2:26-ը.

«Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած»:

Այնպես որ, Հակոբոսն ասում է, որ դուք կարող եք ասել, թե հավատք ունեք, բայց եթե այն չի արտահայտվում ձեր գործերով, ապա դա մեռած հավատք է: Դուք կարող եք ասել ինչ-որ մեկին. «Թող Աստված պահպանի և կերակրի քեզ», բայց եթե դուք չզոհաբերեք և չտաք այն, ինչ նա կարիք ունի, ապա դրանք ընդամենը դատարկ խոսքեր են: Հակոբոսի ասածը հետևյալն է, որ միայն հավատքի դավանությունը բավական չէ: Նա չի ասում, որ դա սխալ է, այլ ասում է, որ դա անբավարար է: Այն պետք է արտահայտվի ձեր կատարած գործերում, և Աստվածաշունչը դրան անվանում է հենց «գործեր»:

Ինչպե՞ս է հավատքը արտահայտվում գործերում: Ո՞րն է մեր հավատքը գործերում արտահայտելու աստվածաշնչյան ճանապարհը: Դրա համար մեկ հատված կա: Վերադառնանք Գաղատացիներին ուղղված նամակին, որը իմ ամենասիրած նամակներից է: Գաղատացիներին 5:6:

«Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում»:

Ի՞նչպես է հավատքը գործում: Ճի՛շտ է, սիրո միջոցով:

Այնպես որ, երբ մենք ունենք հավատք, բայց այն չի գործում սիրո միջոցով, ի՞նչ տեսակի հավատք ունենք: Մեռա՛ծ հավատք: Հավատքն առանց գործերի մեռած է: Հավատքն աշխատում է սիրո միջոցով: Հետևաբար, հավատքն առանց սիրո մեռած է: Կհամարձակվե՞ք դա ասել ինձ հետ միասին.

«Հավատքն առանց սիրո մեռած է»:

Այժմ շրջվեք և ասեք ձեր աջ կամ ձախ հարևանին.

«Հավատքն առանց սիրո մեռած է»:

Դուք արտահայտեցիք շատ նշանակալի և հեռանկարային հայտարարություն: Դուք չգիտեք, թե ինչ եք ասել, քանի որ դա նշանակում է, որ դուք կարող եք ունենալ ամենահստակ դոկտրինալ հավատը, ճիշտ տեղադրեք բոլոր «կետերը» և մեջբերեք բոլոր հատվածները, բայց ձեր հավատքը կարող է լինել ամբողջությամբ մեռած, եթե այն չի արտահայտվում սիրո մեջ:

Խնդիրը հետևյալն է, և սա պարզապես իմ անձնական դիտարկումն է. այսօրվա մեր ազգի եկեղեցական գործունեության մեծ մասը նույնիսկ նպատակ չունի սեր արտահայտել։ Այն ուղղված է որոշ դավանաբանական ճշմարտություններ հաստատելուն կամ Մերձավոր Արևելքի քաղաքական դրությունը մեկնաբանելուն։

Ես սա բազմիցս ասել եմ մարդկանց։ Եթե որևէ նպատակ չդնես, վստահ եղիր, որ այն էլ կստանաս։ Ես չեմ ուզում քննադատող թվալ, բայց ես բրիտանացի եմ։ Ես մեծացել եմ այս երկրում. մկրտվել եմ, հաստատվել եմ որպես եկեղեցու անդամ։ Եվ գուցե ձեզ զարմանալի թվա իմանալը, որ Հռութն ու ես ամեն շաբաթ Երուսաղեմում հաճախում ենք Անգլիական եկեղեցի, և մենք սիրում ենք դա։ Ես տարիներ շարունակ ընդդիմանում էի Անգլիական եկեղեցուն, ասում էի նրա մասին բազմաթիվ ոչ բարի բաներ իմ փորձից ելնելով։ Դրանք կեղծ չէին, բայց ոչ բարի։ Կարծում եմ՝ Աստված չէր թողնի, որ ես ավարտեմ իմ կյանքի ուղին առանց հաշտվելու Անգլիական եկեղեցու հետ։ Այսօր իմ բոլոր բողոքները դադարեցրել եմ։ Իմ բոլոր քննադատությունները՝ նույնպես։ Ես այլևս դրանց մասին չեմ խոսում։ Շատ հեշտ է քննադատել եկեղեցին. դրա համար հատուկ խելք պետք չէ։ Բայց փոխել եկեղեցին՝ ահա դա է խնդիրը։

Այսպիսով, հավատքն առանց սիրո մեռած է։

Թույլ տվեք մի փոքր խոսել հոգեգալստականների և խարիզմատների մասին, այսինքն այն մարդկանց մասին, ովքեր, ինչպես ես, խոսում են լեզուներով և հավատում են հոգևոր պարգևներին։ Ես երբեք չգիտեի, որ կարելի է լինել քրիստոնյա առանց լեզուներով խոսելու, որովհետև երբ փրկվեցի, խոսեցի լեզուներով։ Ինձ երկար ժամանակ պետք եղավ՝ բացահայտելու, որ քրիստոնյա լինելու այլ տեսակ էլ կա։ Այսպիսով, հավատացեք, եթե այստեղ որևէ մեկը հավատում է լեզուներով խոսելուն և հոգևոր պարգևներին, ես նրանցից մեկն եմ։

Բայց լսեք, թե ինչ է ասում Պողոսը 1-ին Կորնթացիներին 13:1–3-ում.

«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ…»։

Սա զարմանալի է։ Երբևէ մտածե՞լ եք, որ գուցե խոսում եք ոչ թե մարդկային լեզվով, այլ հրեշտակների լեզվով։ Երբ ես Հյուսիսային Աֆրիկայի անապատներում էի՝ Տիրոջը հանդիպելուց հետո, ես քրիստոնեական հաղորդակցություն չունեի։ Ես ստիպված էի հաղորդակցվել Տիրոջ հետ և բազում անգամներ աղոթում էի լեզուներով։ Ես նկատեցի, որ մեկ լեզու էի օգտագործում, որն ուներ «ս» հնչյուն, և հաճախ մտածել եմ՝ արդյո՞ք դա հրեշտակային լեզու էր։ Ես չգիտեմ, բայց գոնե Սուրբ Գրքի համաձայն՝ լրիվ հնարավոր է խոսել ոչ միայն մարդկային լեզուներով, այլև հրեշտակների լեզուներով։

Պողոսն ասում է՝ նույնիսկ եթե ես դա անեմ, բայց չունենամ սեր, ես

«…ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի»։

Ես պարզապես դատարկ աղմուկ եմ առանց սիրո։ Ինչ-որ մեկը հարցրեց՝ հնարավոր է՞ չարաշահել Սուրբ Հոգու պարգևները։ Պատասխանը միանշանակ այո՛ է։ Պարգևների ցանկացած գործածում առանց սիրո չարաշահում է։

Հետո Պողոսն ասում է.

«Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»։

Սա հեշտ է կիրառել ուրիշների վրա, բայց ինչո՞ւ չենք ստուգում՝ արդյո՞ք դա վերաբերում է մեզ։

Այնուհետև նա շարունակում է.

«Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա»։

Ես մտածեցի դրա մասին։ Կան ծառայողներ, որոնք օգնել են ուրիշներին, բայց իրենց համար օգուտ չեն ստացել։ Կարելի է օգնել մարդկանց, բայց ինքդ մնալ անօգուտ՝ առանց սիրո։

Իսկ հաջորդ գլխում՝ 14-ում, Պողոսն ասում է.

«Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք»։

Այսպիսով, Պողոսը դեմ չէ հոգևոր պարգևներին, բայց ասում է՝ ձեր առաջնահերթությունները ճիշտ դասավորեք։ Առաջին առաջնահերթությունը ոչ թե հոգևոր պարգևներն են, այլ սերը։ Կարծում եմ, որ Նոր Կտակարանի վերջին թարգմանիչներից մեկը՝ Ֆիլիպսը, սա թարգմանեց այսպես. «Սերը դարձրեք ձեր նպատակը»։ Կարծում եմ՝ դա լավ թարգմանություն է։ Սերը դարձրեք ձեր նպատակը։

Ուզում եմ ասել ձեզ հետևյալը մինչ այս շաբաթ ճամբարում եք և դուք առանձնացված է, կկատարե՞ք դա։ Սերը դարձրեք ձեր նպատակը։ Եթե դա անեք, այստեղից դուրս կգաք այլ կերպ, քան եկել եք։ Ես ուզում եմ սերը դարձնել իմ նպատակը։

Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է Աստված իր սերը փոխանցում մեզ: Ես ցանկանում եմ հիշատակել դրանք՝ առանց մանրամասնությունների մեջ խորասուզվելու։ Կա երկու հիմնական միջոց: Առաջինը Սուրբ Հոգու միջոցով է: Հռոմեացիներին 5:5-ը ասում է.

«Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։

Այսպիսով, Սուրբ Հոգին Աստծու սերը հեղում է մեր սրտերում: Կարծում եմ, որ Աստծու կողմից սահմանափակում չկա. Նա պարզապես հեղում է իր սերը: Սահմանափակումը մեր կողում է. որքանո՞վ ենք մենք ընդունում այդ սերը: Ես վայելել եմ այդ փորձառությունը. ես զգացել եմ, թե ինչպես է Աստծու սերը հեղվել իմ սրտում Սուրբ Հոգու միջոցով:

Կարճ օրինակ բերեմ։ Երբ ես ծառայում էի որպես զինվոր Հյուսիսային Աֆրիկայում և արդեն ճանաչել էի Տիրոջը, ես հայտնվեցի Սուդանի շատ հեռավոր, անմարդաբնակ, անբարեհաճ մի անկյունում։ Իմ իրական նշանակման վայրը Կարմիր ծովի բլուրներում գտնվող մի փոքրիկ ռազմական հիվանդանոց էր, բայց մինչ այդ մի քանի շաբաթ մնացի մի վայրում, որին բրիտանական բանակը կոչում է ընդունման կայան։ Դա առաջին անգամն էր երեք տարվա զինվորական ծառայության ընթացքում, երբ ինձ պետք չէր քնել ներքնազգեստով, քանի որ այս ընդունման կայանում կային երեք մահճակալ, գիշերազգեստ և ամեն ինչ, որ կարող էր հարմարավետություն ապահովել։ Չունենալով հիվանդներ՝ ես մտածեցի, թե ինչու չվայելեմ մահճակալը, որում երբեք չէի քնել, և չհագնեմ գիշերազգեստ, այլ ոչ թե քնեմ ներքնազգեստով, ինչպես սովոր էի։ Մի գիշեր սկսեցի աղոթել Սուդանի ժողովրդի համար, հատկապես մի ցեղի, որը հայտնի է Հունդոնդևահ անունով։ Նրանք ոչ գրավիչ մարդիկ էին, մարտական, ագրեսիվ։ Նրանք իրենց ողջ կյանքում իսլամից բացի որևէ այլ կրոն չէին ճանաչել։ Տղամարդիկ սովորություն ունեին իրենց մազերը ձևավորել ոչխարի ճարպով, որ մազերը ցցվեն մոտ ութ սանտիմետր բարձրությամբ։ Դրսից նրանց մեջ ոչինչ հմայիչ կամ գրավիչ բան չկար։ Բայց այդ գիշեր, երբ աղոթում էի, Աստված Իր սերը հեղեց իմ սրտի մեջ այդ մարդկանց հանդեպ։ Ես նույնիսկ չէի կարող պառկել մահճակալին, ստիպված էի վեր կենալ և սենյակում քայլել այս ու այն կողմ՝ իմ սիրտը հեղելով այն մարդկանց համար, որոնց ես չէի ճանաչում և որոնց նկատմամբ սիրելու որևէ բնական պատճառ չունեի։ Եթե կարելի է այսպես ասել, և հուսով եմ, որ սխալ չեմ հասկացվի, երբ դա անում էի մթության մեջ, նկատեցի, որ իմ սպիտակ գիշերազգեստը փայլում է։ Այն գերբնականորեն լուսավորված էր։ Ես մի պահ զգացի, որ ինչ֊որ կերպ իմ ապրումները նույնացել էին Հիսուսի՝ Մեծ բարեխոսի ապրումների հետ։ Հետագայում ես պատիվ ունեցա առաջին անգամ դեպի Տերն առաջնորդել այս ցեղի այն անդամին, ով խոստովանեց Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ։

Ես սա պատմում եմ, որովհետև փոքր ինչ հասկանում եմ, թե ինչ է նշանակում, երբ ասվում է՝ «Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով»։ Բայց ուզում եմ ասել ձեզ, որ այդ փորձառությունից հետո էլ ես դեռ անթերի ու անմշակ քրիստոնյա էի։ Գուցե չհավատաք, բայց ես հաճախ դյուրագրգիռ էի, եսասեր, կենտրոնացած միայն իմ անձի վրա, անզգամ և հեշտությամբ էի բարկանում՝ այդ ամենից հետո։

Ես չեմ նսեմացնում այդ փորձառությունը, բայց ուզում եմ նշել, որ միայն դա բավարար չէ ձեր բնավորությունը փոխելու համար։ Եվ Աստված ունի մեկ այլ միջոց՝ Իր մյուս գործիքը, որն Իր Խոսքն է։ Դա միայն Հոգին չէ, միայն Խոսքը չէ, այլ Հոգին և Խոսքը, որոնք միասին են գործում։ Դա Աստծու ճանապարհն է՝ արարչագործության սկզբից ի վեր։ Եթե դուք կարդաք արարչագործության նկարագրությունը Ծննդոց 1:2-ում, կտեսնեք հետևյալը. «Աստծու Հոգին շարժվում էր ջրերի երեսին»։ Իսկ Ծննդոց 1:3-ում ասվում է. «Աստված ասաց…»։ Եվ երբ Խոսքն ու Հոգին միավորվեցին, ստեղծագործություն տեղի ունեցավ։ Այդպես է նաև Աստված գործում մեր կյանքերում՝ Խոսքի և Հոգու համատեղ աշխատանքի միջոցով։

Եկեք նայենք, թե ինչ է ասում Աստված Իր Խոսքի մասին։ 1-ին Հովհաննեսի 2:5.

«Բայց ով նրա (այսինքն Աստծու) խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք»։

Աստծու սերն ինչպե՞ս է կատարյալ դառնում մեր մեջ։ Ինչո՞վ։ Աստծու Խոսքը պահելով։ Դա միայն Հոգին չէ, ոչ էլ միայն Խոսքը, այլ Հոգին և Խոսքը միասին։

Ձեզ հետ կկիսվեմ Աստվածաշնչից իմ սիրելի հատվածներից մեկը, քանի որ մոտենում ենք ավարտին։ Կարծում եմ՝ քրիստոնեական կյանքն առաջընթաց է, բնավորության զարգացում։ Գագաթնակետը սերն է, բայց այնտեղ հասնելու համար կա վեց քայլ, և սերը յոթերորդն է։ Եթե ձեր առջև Աստվածաշունչ ունեք, բացեք Պետրոսի երկրորդ ուղերձը, 1:5.

«Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ»։

Քրիստոնեական կյանքի հիմքը հավատքն է, բայց այդ հավատքի վրա մենք պետք է ավելացնենք բնավորության զարգացման յոթ հաջորդական աստիճաններ։ Առաջինը առաքինությունն է։ Ես նախընտրում եմ այն թարգմանել որպես գերազանցություն, որովհետև դա շատ ընդարձակ բառ է և ունի բազմաթիվ իմաստներ։ Օրինակ՝ ձիու առաքինությունն արագ վազելն է։ Ես միշտ սիրում եմ ընդգծել, որ փրկված լինելու առաջին ապացույցը այն է, որ դուք պետք է դառնաք գերազանց։ Եթե դուք ուսուցիչ էիք մինչև ապաշխարելը, պետք է դառնաք գերազանց ուսուցիչ։ Եթե դուք ավտոբուսի վարորդ էիք, պետք է դառնաք գերազանց վարորդ։ Եթե բժիշկ կամ ատամնաբույժ էիք, պետք է դառնաք գերազանց։ Գերազանցությունը պետք է լինի քրիստոնյաների նշանը։ Առաջին բանը, որ մենք ավելացնում ենք, գերազանցությունն է։

«…գերազանցությանը՝ գիտություն…»։

Չեմ կարծում, որ սա հիմնականում գիտական կամ մտավոր գիտությունն է։ Այստեղ նկատի է առնված Աստծու կամքի ճանաչումը, որը հայտնվում է Իր Խոսքի միջոցով։ Մենք կարիք ունենք այդ գիտության առաջընթացի համար։

«…գիտությանը՝ ժուժկալություն…»։

Սա մի առաքինություն է, որի մասին ժամանակակից քրիստոնեությունում շատ քիչ է խոսվում։ Բայց եթե դուք չավելացնեք ժուժկալություն, երբեք չեք առաջանա, որովհետև ցանկացած պահի, երբ փորձեք առաջ գնալ, կորցնելու եք ձեր վերահսկողությունը։ Դուք զայրանալու եք, տրվելու եք ցանկասիրությանը, չափից դուրս ախորժակներին, անաստված զգացմունքներին, ընկնելու եք դեպրեսիայի ու անհավատության մեջ, և դա կդադարեցնի ձեր առաջընթացը։ Ժուժկալությունը առաջընթացի անհրաժեշտ քայլ է։

Հետո ասվում է.

«…ժուժկալությանը՝ համբերություն (կամ տոկունություն)…»։

Սա էլ է անհրաժեշտ, որովհետև հասունանալու ընթացքում դուք բախվելու եք փորձությունների, դժվարությունների ու խոչընդոտների։ Եթե տոկունություն չգործադրեք, կհանձնվեք։ Իսկ եթե հանձնվեք, ձեր առաջընթացը կդադարի։

Գրված է Հակոբոսի 1-ում՝ մի հատված, որը Հռութն ու ես հաճախ ենք կրկնում։ Դա Հռութին հատկապես ցնցեց մի ժամանակահատվածում, երբ նա պայքարում էր իր առողջության համար։ Ամեն անգամ, երբ մի բան լավանում էր, մեկ ուրիշ բան վատանում էր։ Ապա նա կարդաց Հակոբոս 1-ը.

«Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք …»։

Սուրբ Հոգին հուզեց նրան և ասաց. «Դու մեղք ես գործում, դու անհնազանդ ես Աստծո Խոսքին։ Դու ուրախությամբ չես ընդունում»։

Այնուհետև շարունակվում է.

«Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Ուզո՞ւմ եք լինել կատարյալ և լիարժեք՝ ոչ մի բանի պակասություն չունենալով։ Այդ դեպքում դուք պետք է զարգացնեք համբերություն կամ տոկունություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում, ամեն անգամ, երբ Աստված ձեզ դնի մի գործընթացի մեջ, որը կոչված է ձեզ կատարելագործելու, դուք կհանձնվեք, և ձեր առաջընթացը կդադարի։

Այս երկու բաները՝ ժուժկալությունը և տոկունությունը, ես անվանում եմ «նեղ միջանց»։ Եթե դուք չկարողանաք անցնել դրանց միջով, այլևս առաջ չեք գնա։

Այսպիսով, ժուժկալությունից հետո գալիս են կարևոր օրհնությունները.

«…համբերությանը ավելացրեք աստվածապաշտություն…»։

Իմ կարծիքով, աստվածապաշտությունը բնավորության մի գիծ է, որը վերահսկվում է Սուրբ Հոգով։ Ձեր բոլոր արձագանքներն ու պատասխանները վերահսկվում են Սուրբ Հոգուց։ Աստվածապաշտ մարդու նշանն այն է, որ երբ նա մտնում է սենյակ, Աստված նրա հետ ներս է մտնում։ Նա իր հետ տանում է Աստծու ներկայությունը։ Սա է աստվածապաշտությունը։

Դեռևս երկու քայլ կա. մենք միայն հինգերորդին ենք հասել։

Վեցերորդը՝ եղբայրասիրություն։ Սա նշանակում է սիրել ձեր հավատակիցներին։ Մեր մեջ կան մարդիկ, ովքեր դեռևս չեն հասել վեցերորդ աստիճանին։ Պետք է խոստովանեմ, որ բոլոր քրիստոնյաներին միշտ չէ, որ հեշտ է սիրել։ Կարծում եմ՝ ես հավանաբար նրանցից մեկն եմ։ Մարդիկ տարիներ անց եկել են ինձ մոտ և ասել. «Եղբա՛յր Պրինս, ես ստիպված էի քեզ ներել»։ Մյուսները պարզապես ասել են. «Դու շատ ես փոխվել»։ Ես հասկացել եմ, թե ինչ նկատի ունեին, և ստիպված եմ եղել ընդունել, որ դա ճշմարիտ էր։

Բայց եղբայրասիրությունը վերջը չէ։ Կա ևս մեկը՝ երեք տառանոց մի բառ՝ սեր։ Հունարենում դա ագապեն է։ Դա նշանակում է սեր, որով սիրում եք ձեր թշնամիներին, նրանց, ովքեր հալածում են ձեզ, նրանց, ովքեր ձեզ չեն հասկանում, և նրանց, ովքեր տարբերվում են ձեզանից։ Սա քրիստոնեական կյանքի գագաթնակետն է, սա է այդ նպատակակետը։ Բայց կա մի ընթացք, և Աստված օգտագործում է երկու գործիք՝ Սուրբ Հոգին և Իր Խոսքը։ Ես կարդացել եմ միսիոներների և այլ մեծ մարդկանց կյանքերի մասին, ովքեր ունեցել են այսպիսի փառավոր հոգևոր փորձառություններ։ Վերջերս կարդում էի Հադսոն Թեյլորի կյանքի մասին։ Նա մեծ մարդ էր Աստծու համար, և նա էլ ուներ փառավոր փորձառություններ, բայց նույնիսկ այդ փորձառություններից հետո նա անձնական բազմաթիվ խնդիրներ ուներ և միշտ չէ, որ հեշտ էր նրա հետ ապրելը։ Բայց մենք պետք է անցնենք այս գործընթացի միջով։ Ոչ ոք բացառություն չէ։ Դուք չեք կարող հասնել այդ նպատակին այլ, քան Աստծու նշանակած ճանապարհով։

Եկեք նորից ասենք. ձեր հավատին ավելացրեք գերազանցություն, գերազանցությանը՝ գիտություն, գիտությանը՝ ժուժկալություն, ժուժկալությանը՝ տոկունություն, տոկունությանը՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությանը՝ եղբայրասիրություն (հավատակիցների հանդեպ սեր), և եղբայրասիրությանը՝ սեր։ Իսկ իմ կարծիքով, սա է գագաթնակետը, սա է նպատակը։ Սա է յուրաքանչյուր Սուրբ Հոգով լցված քրիստոնյայի վերջնական նպատակակետը։

Հիմա ես մի ցանկություն ունեմ այս ճամբարի համար՝ մեր բոլորի համար։ Այս պահին ես կարող եմ ասել, որ սիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ես Աստծու սերն ունեմ իմ սրտում ձեր հանդեպ այս պահին։ Իմ աղոթքն է, և ես ուզում եմ դա ներկայացնել Դոն Դաբլին և թիմին, որ Աստծու սերը ինչ որ կերպ հեղվի մեզ վրա այս շաբաթվա ընթացքում այնպես, որ ոչ մեկն այստեղից չհեռանա նույնը։ Ես աղոթում եմ, որ սիրո աղբյուր բացվի այս ճամբարում, որը շաբաթվա վերջում դուրս կհոսի փոքրիկ առվակներով և կհասնի Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր անկյուն՝ ձեր կյանքերի միջոցով։ Կարո՞ղ եք «Ամե՛ն» ասել դրան։

Հիմա ուզում եմ խոստովանություն անել, որովհետև իմ փորձից սովորել եմ, որ չխոստովանած մեղքն Աստծու օրհնության ամենամեծ խոչընդոտն է։ Կան այլ խոչընդոտներ, բայց սա առաջինն է, ամենալուրջը և ամենատարածվածը։ Տեսե՛ք, շատ քրիստոնյաներ չեն գիտակցում, որ Աստված ասում է. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը ների»։ Բայց կա «եթե», և գուցե դուք այլ կերպ եք կարդում Աստվածաշունչը, բայց ես չեմ գտել, որ Աստված խոստացել է ներել որևէ մեղք, որը խոստովանված չէ։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք, որ մեր մեղքերը ներվեն, ի՞նչ պետք է անենք։ Խոստովանե՛նք։ Վստա՞հ եք։ Պատրա՞ստ եք։ Դա ցավոտ կարող է լինել։ Միգուցե կես շաբաթ պահանջվի դրանց միջով անցնելու համար։

Լսեք, մի՛ փորձեք ինքներդ ձեզ վերլուծել։ Մի՛ խորացեք ձեր ներսում, որովհետև որքան խորանաք, այնքան ավելի վատ կզգաք ձեզ։ Թողեք Սուրբ Հոգին դա անի։ Հիսուսն ասաց ավետարանում. «Եթե ես Աստծու Հոգով եմ հանում դևերին…», իսկ մեկ այլ տեղ նա ասաց. «Եթե ես Աստծու մատով եմ հանում դևերին»։ Ուրեմն, ի՞նչն է Աստծո մատը։ Սուրբ Հոգի՛ն։ Թող Աստված Իր մատը դնի ձեր կյանքի այն բոլոր ոլորտների վրա, որոնք պետք է խոստովանեք։

Ուզում եմ ասել ձեզ, որ այս պատգամը փոխանցելուց հետո պետք է խոստովանեմ, որ շատ ու շատ անգամ ես չեմ սիրել այնպես, ինչպես պետք է սիրեի։ Շատ անգամ ես եղել եմ քննադատող, ինքնարդարացնող, դատապարտող, եսակենտրոն ու անզգայուն։ Երբ հիշում եմ այն երեխաներին, որոնց մեծացնելու գործում ես օգնեցի, և որոնցից տասներկուի համար Հռութն ու ես պատասխանատու ենք, կարծում եմ՝ ամենաշատը զղջում եմ իմ անզգայության համար։ Ես միակ երեխան էի ընտանիքում, չունեի ոչ եղբայր, ոչ քույր, մեծացել եմ միայնակ և սովորել եմ ապրել իմ ձևով։ Ինձ տարիներ են պետք եղել՝ հասնելու այն կետին, երբ գիտակցում եմ, որ ինչ-որ մեկը իրեն լավ չի զգում։ Ես նաև սովորել եմ, որ երբ մարդիկ մոտենում են և տալիս աստվածաբանական հարցեր, հաճախ նրանք ոչ թե աստվածաբանական պատասխան են ուզում, այլ սեր, օգնություն, մխիթարություն։ Աստվածաբանությունը հաճախ պարզապես մի միջոց է ասելու. «Օգնի՛ր ինձ, ես կարիք ունեմ սիրո»։

Ես դա խոստովանում եմ ձեզ՝ բոլորի առջև, որովհետև ուզում եմ Աստծուց ներողություն խնդրել։ Եթե ես դա չխոստովանեմ, գիտեմ, որ Աստված չի ների։ Բայց եթե խոստովանեմ, հավատում եմ, որ Նա կների։

Հիմա ուզում եմ ձեզանից հարցնել՝ արդյո՞ք ճիշտ կհամարեք, որ այսօր երեկոյան նրանք, ովքեր չեն սիրել այնպես, ինչպես պետք է սիրեին, կանգնեն, խոստովանեն դա անձամբ Աստծուն և խնդրեն Նրա ներողությունը։ Ապա խնդրեք, որ Աստված նոր ձևով հեղի Իր սերը մեր վրա։ Ես ձեզ չեմ խնդրում դա ուրիշ որևէ մեկին ասել՝ բացի Աստծուց։ Բայց եթե այսօր երեկոյան ասեք. «Աստվա՛ծ, երբ իմ սերը համեմատում եմ Քո սիրո և վաղ եկեղեցու սիրո հետ, ես պարզապես դատարկ անոթ եմ»։

Հիմա ես կաղոթեմ, դուք կասեք Ամեն, և հետո ինքներդ ձեր աղոթքը կբարձրացրեք։

«Տե՛ր, այսօր երեկոյան մենք քո առջև խոստովանում ենք՝ որպես հավատացյալ ժողովուրդ, մենք Քեզ հիասթափեցրել ենք։ Մենք Քեզ սխալ ենք ներկայացրել։ Մենք աշխարհին սխալ տպավորություն ենք թողել այն մասին, թե ովքեր ենք մենք։ Մենք չենք օգնել նրանց իմանալ, որ Քո աշակերտներն ենք, որովհետև չենք սիրել միմյանց։ Շատ անգամ մենք ինքնարդարացնող, քննադատող և դատապարտող ենք եղել, եսակենտրոն։ Տե՛ր, մենք շատ այլ ձևերով ենք ձախողվել, բայց այսօր Քո ձայնը խոսեց մեր սրտերին, և մենք ուզում ենք ընդունել Քո առջև, որ ձախողվել ենք։ Մենք մեղք ենք գործել։ Մենք խախտել ենք առաջին և մեծագույն պատվիրանը՝ սիրել մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, հոգով և մտքով։ Մենք խախտել ենք երկրորդ պատվիրանը, որովհետև չենք սիրել մեր ընկերներին մեզ նման։ Այսօր երեկոյան մենք միայն կարող ենք ասել՝ ների՛ր մեզ։ Ների՛ր մեզ։ Ների՛ր մեզ։ Փոխի՛ր մեր սրտերը։ Ուղարկի՛ր Քո Սուրբ Հոգին, որ մեզ համար և մեզանում անի այն, ինչը միայն Դու կարող ես անել»։

Դա ձեր աղոթքն է։ Եթե դուք ձեզ նույնացնում եք դրա հետ, պարզապես ասեք Ամե՛ն։ Ամե՛ն։

«Հիմա, Տե՛ր, աղոթում եմ, որ Քո ներողության և մեր՝ քո առաջ խոնարհվելու հիման վրա, Դու հեղես Քո սերն այս ճամբարի վրա այս շաբաթ՝ նոր չափով, նոր աստիճանով։ Բացիր սիրո աղբյուր մեր մեջ, որը շաբաթվա վերջում կհոսի և կհեղվի այստեղ գտնվողների կյանքերից դեպի Մեծ Բրիտանիայի բոլոր անկյունները, որտեղ մարդիկ կարոտ են սիրո։ Նրանք կրոն չեն ուզում, նրանք սեր են ուզում։ Դու մեզ ընտրել ես որպես Քո անոթներ և հաղորդիչներ։ Այսօր երեկոյան, Տե՛ր, սկսի՛ր հենց այնտեղից, որտեղ մենք ենք։ Սկսի՛ր մեզանից և արա այն, ինչ անհրաժեշտ է մեզ փոխելու համար։ Մենք աղոթում ենք՝ Հիսուսի անունով։ Ամեն»։